ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Ալիևն է խնդրել ռուսական գլխավոր շտաբի միջնորդությունը»

«Ալիևն է խնդրել ռուսական գլխավոր շտաբի միջնորդությունը»
19.04.2016 | 00:31

Այսօր ամենաթեժ քննարկվող հարցերից մեկն այն է, թե ինչու քառօրյա պատերազմում հայկական կողմը չկիրառեց բարձր տեխնոլոգիական զինատեսակներ, որոնք ցուցադրվել են Հայաստանի անկախությանը նվիրված շքերթներում: Ինքնին հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ զենքը չի կիրառվել և եթե չի կիրառվել, որտե՞ղ է այն: Հարց, որի շուրջ զրուցեցինք ԱԺ պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ հետ:

-Երկու հանգամանք պետք է տարանջատել,- ասաց պատգամավորը:- Հակառակորդի կողմից եղել է լավ պլանավորված, շփման գծի ամբողջ երկայնքով լայնածավալ ռազմական ագրեսիա: Ստեղծված իրավիճակում մեր զինուժի առաջ խնդիր է դրվել ագրեսիան կանխելու, ինչն իրականություն դարձավ մեր հերոս տղաների կյանքի գնով և նաև տարբեր տեսակի սպառազինության կիրառմամբ: Խնդիրը ռազմական առումով հաջողվել է: Եթե Ձեր հարցի ենթատեքստում նկատի ունեք, թե ինչու մենք առաջ չենք գնացել, ապա մենք պետք է հասկանանք, որ դա ռազմաքաղաքական որոշման խնդիր է, մեր պետությունը երբեք հարձակողական քաղաքականություն չի վարել:
-Պարոն Ֆարմանյան, հարցս ենթատեքստ չունի, ընդամենը ուզում եմ հասկանալ. եթե ունենք արդի զինտեխնիկա, ինչո՞ւ այն չենք կիրառել, այլ կռվել ենք 80-ականների զենքով:
-Ինչպե՞ս չենք կիրառել: Այդ դեպքում ինչի՞ արդյունքում է հակառակորդը կրել մի քանի անգամ գերազանցող մարդկային և տեխնիկական կորուստներ մեր կորուստների համեմատ:
-Լավ, այդ դեպքում, երբ պաշտոնապես աշխարհին հայտարարում ենք, որ մեր զինվորները կռվել են հին զինտեխնիկայով, դրանով «լեզու չե՞նք դնում» աշխարհի բերանը:
-Ես ճիշտ հակառակ կարծիքի եմ: Մեր զինուժը համալրված է բավարար սպառազինությամբ: Այլ հարց է, որ եղածը շարունակաբար պետք է համալրվի ռազմական նորագույն տեխնիկայով: Միևնույն ժամանակ, մենք պետք է հասկանանք, որ երբ խոսվում է նոր և հին սպառազինության մասին, այդ հարցը շատ հարաբերական է, քանի որ կան զինատեսակներ, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջվա արտադրության են, որոնցով համալրված է հակառակորդի զինուժը. կան այնպիսի զինատեսակներ, որոնք չունի հակառակորդը և որոնցով համալրված են մեր զինված ուժերը: Այսինքն, հարցը պետք է դիտարկել զինված ուժերի համալիր պատրաստվածության մեջ, որում սպառազինությունը թեև շատ կարևոր, սակայն ընդամենը կոմպոնենտներից մեկն է: Պետք է հասկանալ, թե հակառակորդ կողմերից յուրաքանչյուրն ինչպիսի մտադրություններով է մոտենում հնարավոր զինված բախմանը: Մի բան է, երբ պատրաստվում են հարձակման, այլ բան է, երբ պատրաստվում ես, ծրագրեր կազմում հակառակորդի հնարավոր ագրեսիան հետ շպրտելու: Եվ ով էլ ինչ ասի, մենք վստահ ենք՝ մեր հերոս տղաների թափած արյան շնորհիվ և զինտեխնիկայի ճիշտ կիրառման արդյունքում է այսօրվա հարաբերական խաղաղությունը՝ հրադադարը, որ պարտադրվել է հայկական զինված ուժերի կողմից: Եվ հենց նախագահ Ալիևն է խնդրել ռուսական գլխավոր շտաբի միջնորդությունը՝ վերադառնալու հրադադարի ռեժիմին: Միայն այս փաստը բավարար է աշխարհին ներկայացնելու և ապացուցելու մեր ուժը:
-Ըստ Ձեզ, ինչո՞ւ աշխարհը, այնուամենայնիվ, չի ցանկանում տարբեր պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:
-Հազարամյակների պատմություն ունեցող որևէ ժողովուրդ, այդ թվում՝ մենք, վաղուց պետք է հետևություն անենք, որ ազգային իղձերն ու նպատակները պետք է իրականացնել՝ ապավինելով սեփական ուժերին, ժողովրդի հավաքականությանը: Բարիդրացիական, բարեկամական, դաշնակցային, սերտ հարաբերություններ ունենալով և պահպանելով դրանք աշխարհի տարբեր բևեռների հետ, միևնույն ժամանակ մենք պետք է շահենք աշխարհի հանրության համակրանքը, երբեք չպետք է փոխարինենք այն իրական ուժի հետ, որը դու ներկայացնում ես որպես պետություն և ժողովուրդ:


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ